ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Որո՞նք են ամուսնալուծության պատճառներն ու հետևանքները հայ իրականության մեջ:

Ամուսնալուծության հիմնական պատճառն ամուսնացողների կամ նրանցից մեկի անլրջությունն է ընտանիքի ստեղծման կարևոր իրողության հանդեպ: Երբ նշանադրված զույգը գալիս է եկեղեցի ամուսնության, արարողության սկզբում նրանց ընթերցվում է սուրբ Հայրերի խրատն ամուսնության մասին:

Ամուսնացողներին Եկեղեցին զգուշացնում է, որ ամուսնական կյանքը հաշտ ու անհարթ, առանց դժվարությունների չի լինելու, պատահելու են տեսակ-տեսակ նեղություններ, աղքատություն, բայց Աստծո կամքն է, որ ամուսինները, միմյանց զորակցելով, հաղթահարեն դժվարությունները:

Այս խրատը լսելուց հետո պսակվողները, գտնվելով եկեղեցու Սուրբ Խորանի դիմաց, Աստծո առջև ուխտ են անում տեր և հնազանդ, սիրող ամուսիններ լինել: Եթե մարդիկ մտքով հասուն են, ապա գիտակցում են եկեղեցում Աստծո առջև իրենց ուխտի կարևորությունն ու լրջությունը և համատեղ կյանքի ընթացքում ծագած դժվարությունների պարագայում ջանում են հաղթահարել խնդիրները, պահպանել ընտանիքը:

Ընտանիքը կենդանի օրգանիզմ է, և դրա կազմալուծումը ցավ է պատճառում ընտանիքի բոլոր անդամներին: Չպետք է մոռանալ, որ գործ ունենք մարդկային «ճակատագրերի», հատկապես երեխաների կյանքի հետ և իրավունք չունենք խեղաթյուրելու միմյանց կյանքի ընթացքը: Այդ իսկ պատճառով ընտանիք կազմելուց, ամուսնանալուց առաջ պետք է լավ և լրջորեն մտածել, հասուն լինել ընտանիք ստեղծելու համար:

Ընտանիքը կոշիկ չէ, որ մաշվելուց հետո դեն նետենք և նորը գնենք, և կամ զգեստ չէ, որ պատռվելուց հետո նորով փոխարինենք, այլ գործ ունենք կենդանի մարդկանց կյանքի և փոխաբերական իմաստով ասված` ճակատագրի հետ: Հասարակության հիմքն ընտանիքն է, և եթե հասարակությունը պատկերացնենք մի շղթայի կերպարանքով, որի օղակները ընտանիքներն են, ապա ավելի պատկերավոր կտեսնենք, որ մեկ օղակի թուլանալով` շղթան տկարանում է, և օղակի քանդվելով` այդ շղթան մասնատվում:

Այսպիսով, ընտանիքի տկարացումը տկարացնում է նաև հասարակությունը: Նյութական-տնտեսական առումով ևս երկիրը վնաս է կրում, քանի որ ընկճված, վշտացած մարդը չի կարող լավ աշխատել, նրա աշխատանքի արդյունավետությունը, օգտակար գործողության գործակիցն ընկնում է, և երկիրը վնաս է կրում նաև տնտեսական առումով:

Եթե հասարակությունը պատկերացնենք հավատացյալների հավաքականության իմաստով` որպես Եկեղեցի, ապա ուրեմն ընտանիքի ամրությամբ ամուր է նաև այդ Եկեղեցին, և ընտանիքի տկարությունն իր հերթին վնասում է Եկեղեցու ամրությանը:

Պողոս առաքյալը, խոսելով Եկեղեցու մասին` որպես բազում անդամներով մի մարմնի, ասում է. «Եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները. և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12.26):

Այսպիսով, ընտանիքի կազմալուծման տխրությունն ազդում է նաև Եկեղեցու` հավատացյալների հավաքականության վրա: Հետևաբար, պետք է ամուր պահել ընտանիքը նաև հասարակության հաստատունության, Եկեղեցու զորության համար: