ԱՄԱՆՈՐՅԱ ԽՆՋՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

Թեև մեր կյանքի պայմանները գնալով երբեմն ավելի են դժվարանում, բայց հատկապես Ամանորին մեր սեղաններն առատությունից ավելի ու ավելի են ծանրանում: Ինչո՞ւ է այդպես. այս տոնը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հյուրասիրությունը ազգային բնավորությո՞ւն է, թե՞…ճարահատյալ պարտք:

Նախ հարց է, թե ում սեղաններն են առատությունից ծանրանում: Եթե ասում ենք, որ երկրի ու բնակչության տնտեսական վիճակը լավ չէ, և ապա փաստում ենք, որ մարդկանց սեղաններն առատությունից ծանրանում են, ուրեմն այստեղ հակասություն կա:

Հստակ է, որ, ցավոք սրտի, անգամ Ամանորին դատարկ են մնում մեր կողքին ապրող, մեր հայրենակից աղքատների սեղանները: Իսկ ովքեր շատ թե քիչ աշխատանքային եկամուտ ունեն, նրանք են, որ Ամանորին սեղանները լցնում են տարբեր ուտեստներով, ոմանք Նոր տարվա համար անգամ պարտք են վերցնում բանկերից, ֆինանսական հաստատություններից: Այս իրավիճակը հետո տարբեր ընտանիքներում մի որոշ շրջան նյութական նեղություն է բերում:

Պետք է ասել, որ վերջին տարիներին զարգացել է մեր ժողովրդի, այսպես ասած, ռեստորանային ճաշակը, քանզի նման վարվելակերպ դրսևորվում է նաև եկեղեցական արարողությունների հետ կապված` ի մասնավորի Պսակի և Մկրտության պարագայում: Շատ մարդիկ անգամ մկրտության չեն գալիս կամ չեն բերում իրենց զավակներին, եթե տվյալ պահին հնարավորություն չունեն եկեղեցում արարողությունից հետո ուրախությունը նշել ռեստորանում:

Ավելի ծանր է Պսակի պարագան, երբ հսկայական գումարներ են վերցնում բանկերից` ամուսնությունը ռեստորաններում նշելու համար, և հետո երկար տարիներ աշխատում են` այդ ամուսնությունը նշելու պատճառով գոյացած պարտքը մի կերպ մարելու համար:

Երբեմն լինում է նաև այնպես, որ չեն կարողանում պարտքով վերցրած գումարը վերադարձնել բանկերին, որի հետևանքով զրկվում են անգամ իրենց տներից, անշարժ գույքից, կացարաններից: Առիթը թեկուզ և պարտքով նշելու մոլուցքը տարածվել է նաև Ամանորի վրա, որին խառնվում է նաև պերֆեկտիզմի բարդույթը: Մինչդեռ Ամանորը` հունվարի մեկը, ընկնում է Սուրբ Ծննդյան պահքի շրջանի մեջ:

Այդ դեպքում ինչպե՞ս վարվել Ամանորի տոնական սեղանը զարդարելու համար:

Այսօր մարդիկ ուշադրություն չեն դարձնում Քրիստոսի Ծննդյանը նախորդող պահքին և Նոր տարվա առիթով տները, սեղանները լցնում մսեղեններով, պարարտ կերակուրներով, ոգելից խմիչքներով: Սուրբ Ծննդյան պահքի օրերին տարածվում է կերուխումն ու նաև հարբեցողությունը:

Խորհրդային աստվածամերժ և եկեղեցամարտ իշխանության տարիներին առավել արմատավորված այս սովորությունը, հասկանալի է, դժվար է միանգամից վերացնել, և հոգևորականներն էլ ըմբռնումով են մոտենում ամանորյա խնջույքներին: Սակայն Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան խորհրդի, դրա հետ կապված քրիստոնեական կարգուկանոնի մասին առավել եռանդուն քարոզչությամբ պիտի վերահաստատի հունվար ամսվա սկզբին սեղանի ուտելիքների վերաբերյալ պատկերացումը:

Այդ ժամանակ ամանորյա սեղանին կլինեն ավելի թեթև կերակուրներ, իսկ Սուրբ Ծննդյան ժամանակ` այս տոնը նշելուն հատուկ ուտեստ ձուկը, և շատ մարդիկ ստիպված չեն լինի ընդունված մտայնության պատճառով հնարներ ճարել` սեղաններն առատ ուտելիքներով լցնելու համար:

Բացի դրանից, անգամ ավելի շատ հնարավորություն ունեցողները նախընտրելի է` մի բան քիչ դնեն իրենց սեղաններին, զերծ մնան ավելորդություններից, շռայլություններից և փոխարենը ողորմության գործեր անեն` օգնելով մեր կարիքավոր ազգակիցներին, հայրենակիցներին: