ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ

Մենք բոլորս ուզում ենք լավ ապրել, հեռու մնալ չարքաշ ձևով գոյությունը պահպանելու թշվառությունից: Բայց բնական այդ ձգտումին կարծես խանգարում է մեր հավատացյալ լինելը: Մեզ մոտ կարծրատիպ է ձևավորվել, որ հարստությունը վատ է, հարուստ լինելը մեղք է, իսկ քանի որ բարեկեցությունը և բարօրությունը, ունևոր լինելը հարստության հոմանիշ են նաև դիտվում, ուրեմն, բարեկեցիկ ու ապահովված կյանքը գուցե մեղավորություն է: Այս պատկերացումը գալիս է Նոր Կտակարանում հարուստներին ուղղված հանդիմանություններից:

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը: Դարձյալ ասում եմ ձեզ՝ ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծու արքայությունը» (Մատթ. 19.23-24, Ղուկ. 18.24-25): «Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել էք» (Ղուկ. 6.24): «Ինչ որ ունես, վաճառի՛ր և տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ Իմ հետևից»: Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր» (Ղուկ. 18.22-23): «Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք» (Հակ. 5.1-3):

Սակայն Քրիստոսի և առաքյալի հանդիմանություններն ուղղված են այն հարուստներին, որոնց համար փողը կյանքի գերագույն նպատակ է, որոնք չունեն ողորմության գործեր, մարդկանց ստորադասում են մամոնային, փողին և շահագործում են իրենց նյութական ունեցվածքը բազմապատկելու համար: Ովքեր ողջ էությամբ են այսպիսին, Քրիստոս առաջարկում է, ինչպես Ավետարանում հիշված մեծահարուստին, ամբողջությամբ հրաժարվել հարստությունից՝ այդ աղտից լիովին բուժվելու համար (Մատթ. 19.21-22, Մարկ. 10.21-22, Ղուկ. 18.22): Իսկ ովքեր մասամբ են այդ արատի մեջ, Տերը նրանց համար բավական է համարում, ինչպես Զակքեոսի պարագայում, հարստության մի մասը բաժանել, ողորմության գործեր անել (Ղուկ. 19.1-10):

Չմոռանանք, որ Հին Կտակարանի սուրբ հռչակված նահապետները, գլխավոր անձերը հիմնականում հարուստներ, ոմանք նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, թագավորներ են եղել: Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Հոբը, Հովսեփը, Դավիթ թագավորը հին աշխարհի նշանավոր հարուստներից են, որոնք Սուրբ Գրքի վկայությամբ Աստծո կողմից սիրված և ընդունված են եղել, և նրանց հիշատակը հատուկ հանդիսությամբ նշում է Եկեղեցին: Նոր Կտակարանից հիշենք Հովսեփ Արիմաթացուն, ով Տիրոջ թաղման համար գերեզմանը գնեց (Ղուկ. 23.50-53), Քրիստոսի հետևորդ ունևոր կանանց՝ Հովհաննային, Շուշանին և շատ ուրիշների, ովքեր «իրենց ունեցվածքից մատակարարում էին Նրան» (Ղուկ. 8.3): Հակոբոս առաքյալը խոսում է եկեղեցում հարուստների և աղքատների միասնաբար ընդունված լինելու մասին (Հակ. 2.2-4):

Հարստության մեջ գոռոզանալու վտանգը կա, բայց վտանգ առկա է նաև աղքատության մեջ: Դրա համար էլ Սուրբ Գրքում ասվում է. «Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բավական է: Չլինի թե հարստանամ և ուրանամ Քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով» (Առակ. 30.8-9): Հավատքի զգոնությունը վերացնում է հիշյալ վտանգը:

Աշխարհը պայքարում է աղքատության դեմ: Եվ Դուք էլ ինչի՞ն եք ավելի նմանակում՝ աղքա՞տ, թե՞ բարեկեցիկ ապրելակերպին: Աստվածաշնչյան իմաստությունը աղքատության դեմ պայքարելու և թշվառությունից դուրս գալու խորհուրդ տալով ասում է. «Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և, ահա, աղքատությունը, ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը, իբրև ժիր սուրհանդակ, կկանգնի դռանդ: Բայց եթե ծույլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբյուրի նման, և կարիքը, ինչպես ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու» (Առակ. 9.11):

Այրի կնոջ երկու լումայի գովեստը (Մարկ. 12.42-44, Ղուկ. 21.2-4) լիասիրտ նվիրումի գնահատում է ընդդեմ ժլատությամբ արված գործի, և ոչ թե հորդոր է աղքատ լինելու և բարօրությունից հրաժարվելու: Մյուս կողմից՝ արդյո՞ք երկու լումայով հնարավոր է կառուցել եկեղեցիներ, սրբավայրեր, որոնցում դարեր շարունակ և այսօր էլ հավատացյալներն աղոթում են և Սուրբ Հոգու շնորհներին արժանանում: Չէ՞ որ դրանք կառուցվել են ունևոր բարերարների նվիրատվություններով: Երկնքում գանձեր դիզելու Քրիստոսի խոսքը (Մատթ. 6.20) աղքատության գովք չէ, այլ մշտապես բարի գործերի պատվիրան:

Դրամի գործածության մասին Քրիստոսի առակները (Մատթ. 25.14-29, Ղուկ. 19.12-26, ), որոնք, իհարկե, խորհրդանշական իմաստով են, այնուամենայնիվ, բերում են դրամը ճիշտ օգտագործելու, ազնիվ մտադրությամբ այն նաև բազմապատկելու գաղափարը: Քրիստոս սոված մարդկանց կերակրում էր (Մատթ. 14.16-21, 15.32-38, Մարկ. 6.35-44, 8.1-9, Ղուկ. 9.12-17, Հովհ. 6.5-13), հիվանդությունները բուժում (Մատթ. 4.23), գանձանակ պահում մարդկանց նյութական օգնություն բաժանելու, կարիքից հանելու համար (Մատթ. 26.8-9, Մարկ. 14.4-7, Հովհ. 12.4-6, 13.29): Ուրեմն, ԱՄՈԹ ՉԷ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼԸ, ԱՅԼ ԱՆՆՈՐՄԱԼ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՐԱՏԵՎԵԼԸ: Հոգևոր բարիքները նյութականին չստորադասելով՝ ձգտեք բարեկեցության, բարօրության, կյանքի պայծառության ու առաջադիմության՝ խնդրելով Աստծո օրհնությունն ու պարգևները Ձեր նորանոր հաջողությունների և ձեռքբերումների համար: