ԱՂՈԹՔ

Ի՞նչ է աղոթքը` խնդրա՞նք, ակնկալի՞ք, խոստովանությո՞ւն, հոգևոր հանգստությո՞ւն: Ի՞նչ է նշանակում «աղոթք» բառը:

 Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» բառերի հիանալի ստուգաբանություններ է ներկայացնում, որոնց թվում և բացատրում է «աղոթք» բառի ծագումը` ի մի համախմբելով այդ մասին եղած բացատրությունները:

Նախ Սուրբ Գրիգոր Տաթևացին «աղոթք» բառն այս կերպ է մեկնաբանում: «Աղոթք» նշանակում է «թող արարէք մեղաց ձերոց ամենայն ժամ» կամ «յաղթութիւն արարէք ի վերայ դիւաց» և կամ «ախ և օթ արարէք», այսինքն` ախին` տրտմությանը օթևան արեք ձեզ, ինչը նշանակում է` զղջացեք մեղքերի համար: Տաթևացին «աղոթք» բառն ստուգաբանում է նաև «աղ» բառի հետ առնչելով, ասելով, որ ինչպես աղն ամեն ինչի խառնվում է և համի բերում, այսպես էլ աղոթքն ամեն բարի գործերի խառնվում է և քաղցր ու ընդունելի դարձնում Աստծո համար:

Ավելի գիտական ստուգաբանությամբ «աղոթք» բառն առնչվում է «աղաչել» բառի հետ, որը խնդրել, աղերսել է նշանակում, այսինքն` խնդրելու ավելի շեշտված ձևն է ներկայացնում: Այստեղ բուն արմատը «աղ»-ն է կամ «աղա», որը «չ» հոդակապով «աղաչել» բայի պարագայում կապվում է բայական վերջավորության հետ, ինչպես օրինակ` ճանաչել, ամաչել, փախչել:

«Աղոթք» բառի մեջ բուն «աղ», «աղա» արմատը «չ» հոդակապով կապվում է «օթ» մասնիկի հետ, ինչպես ճանաչել-ծանօթ (դասական ուղղագրությամբ), ամաչել-ամօթ, այսպես և` աղաչել-աղօթ, իսկ «ք» մասնիկը հոգնակիության նշան է գրաբարում, ինչն աղոթքով բազմակի կամ հույժ ցանկությունների ակնարկն է կատարում:

Այլ լեզուներում «աղոթք» բառն անմիջականորեն նշանակում է խնդրել, աղաչել: Օրինակ` անգլ. – prayer – աղոթք` pray բառից, որ նշանակում է աղոթել, նաև` խնդրել, աղաչել; ֆր. prière – prier – աղաչել, իտ. – preghiera – pregare – «աղաչել» բառից, նույն կերպ` ռուս. – молитва –  молить – աղաչել:

Հետևաբար, աղոթքը խնդրանք, ցանկություն է, որն ուղղված է Աստծուն: Սակայն աղոթքը միայն ցանկությունից չէ, որ բաղկանում է, այլ լինում է նաև փառաբանական, գոհաբանական, որովհետև, ըստ էության, աղոթքը զրույց է Աստծո հետ, և այդ հաղորդակցության մեջ բացի ցանկություններից լինում են նաև Աստծուն ուղղված երախտագիտության, գոհաբանության, փառաբանության արտահայտություններ` Երկնավոր Տիրոջ կողմից մարդու համար կատարած բարիքների համար:

Կարդալ նաև`