ԱՂՈԹՔ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋՆԵՐԻՆ ԲԺԻՇԿՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

Մարդիկ հաճախ են բուժվել և բուժվում աղոթքներով կամ դիպչելով նաև սուրբ մասունքների։ Այս մասին Օգոստինոս Երանելին ասում է, որ չնայած լինում են սուրբ առարկաներ, որոնց միջոցով մարդիկ բժշկվում են, բայց միշտ չէ այդպիսի բան պատահում, որպեսզի մարդիկ դեպի կրոնն ընթանան ոչ թե այդպիսի հրաշքի, այլ Աստծո համար։

Նաև հոգևորականների աղոթքներով մարդիկ բուժվում են երբեմն նույնիսկ շատ ծանր հիվանդություններից։ Բայց այս մասին պետք է իմանալ, որ, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հիվանդությունները լինում են մի քանի պատճառներով։ Անբարենպաստ եղանակը, օրգանիզմի տարրերի խառնումը հիվանդություն են առաջացնում։ Սակայն հիվանդությունը լինում է նաև Աստծո հատուկ խնամքի և հոգու զորության տկարանալու պատճառով։ Այլ պատճառներով հիվանդությունները կարող են բուժվել նաև դեղերով, բժիշկների օգնությամբ։ Իսկ վերջին երկուսը բուժվում են միմիայն հոգևորականների աղոթքների և անձնական աղոթքների ու դեպի Աստված դառնալու շնորհիվ։

Քրիստոնեությունը, կարևորելով աղոթքը նաև բուժման համար, միևնույն ժամանակ չանտեսեց բժշկությունը և դրա կարևորությունը մարդկային կյանքում: Դա է վկայում Եկեղեցու կողմից բժիշկ անձանց սրբացումը, որոնցից են Պանդալեոն բժիշկը, Կոզմա և Դամիանոս անարծաթ բժիշկները, որոնց հիշատակը մենք ամեն տարի նշում ենք եկեղեցիներում: Նրանք մարդկանց բուժել են առ Աստված աղոթքներով և ժամանակի բժշկագիտության իրենց իմացությամբ: Ոմանք անվանվել են նաև անարծաթ բժիշկներ, որովհետև իրենց օգտաշատ գործունեության համար մարդկանցից դրամ չեն գանձել: Ղուկաս ավետարանիչը ևս մասնագիտությամբ բժիշկ էր: Եվ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, նույնպես Իրեն համեմատեց բժշկի հետ:

Նոր Կտակարանում շատ անգամներ է օգտագործվում «բժշկել» բառը, սակայն «բժիշկ» բառը գործածված է ընդամենը մի քանի անգամ: Երեք անգամներ «բժիշկ» բառը հանդիպում է համատես Ավետարաններում` այն դրվագում, երբ Քրիստոս Իրեն համեմատում է բժշկի հետ` ասելով. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ` հիվանդներին» (Մատթ. 9.12, Մարկ. 2.17, Ղուկ. 5.31), այնուհետև արյունահոսություն ունեցող հիվանդ կնոջ մասին հատվածում` նշումով, որ նա շատ էր տառապել բժիշկների ձեռքից (Մարկ. 5.25-26), և վերջին անգամ «բժիշկ» բառը երևում է Պողոս առաքյալի` կողոսացիներին ուղղված թղթում, որտեղ առաքյալն ասում է, թե նրանց ողջունում է նաև Ղուկասը` բժիշկը և սիրելին (4.14):

Հետևաբար, կարևորելով աղոթքով բժշկությունը՝ պետք է նշել, որ մարդկային կյանքում միևնույն ժամանակ մեծապես անհրաժեշտ և օգտակար է բժիշկների նվիրյալ գործունեությունը: