ԱՂՈԹՔԸ ՊԱՀՔԻՑ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՎԵԼ

Աղոթքը պահքից և ողորմությունից առավել է, քանզի պահքով կարգավորում ենք մեզ, ողորմությամբ օգնում ուրիշներին, իսկ աղոթքով կարգավորում ենք մեր հարաբերություններն Աստծո հետ և Աստծո հետ խոսում:

Պահքը սուգ է մեղքերի համար, ողորմությունը երբեմն լինում է տրտմությամբ, ինչպես մեծահարուստը տրտմած գնաց` ողորմության հորդոր ստանալով (Մատթ. 19.21-22), իսկ աղոթքը, որքան երկարում է, այնքան ուրախանում է աղոթողը, որովհետև անճառելի խնդություն, լույս և սեր է ծագում աղոթողի մտքում, որի համար էլ Դավիթ մարգարեն ասում է. «Թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտրում են Տիրոջը» (Սաղմ. 104.3, նաև` 39.17, 69.5):

Նաև պահքի ընթացքում սատանան չի փախչում, ինչպես որ Քրիստոսի քառասնօրյա ծոմի ընթացքում չփախավ և փորձեց Տիրոջը (Մարկ. 1.12, Ղուկ. 4.2), քանզի սատանան էլ միշտ պահքի մեջ է, այսինքն` մարմնական կերակուրներից հեռու է, ու մոտ է նաև ողորմության ժամանակ, որպեսզի խափանի:

Իսկ աղոթքից սատանան փախչում է, երբ հիշում ենք Աստծո կամ այլ սրբերի անունը և կամ երբ խաչակնքվում ենք, և ինչպես խավարն է հալածվում լույսից, այնպես էլ ցրվում են չարի որոգայթները:

Եթե պահք պահես, քեզ է օգուտ, ողորմությունը օգուտ է նրանց, որոնց տալիս ես, իսկ աղոթքը օգուտ է քեզ, ուրիշների և ամբողջ աշխարհի, արդարների և մեղավորների, ողջերի և մեռածների համար:

«Աղոթք» բառը «աղ» բառի հետ է կապվում. ինչպես աղը ամեն ինչի խառնվում է և համի բերում, այնպես էլ աղոթքը ամեն բարի գործերի խառնվում է և քաղցր ու ընդունելի է անում Աստծո համար: