ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ

Մակաբայեցիների մասին պատմվում է Աստվածաշնչում` Մակաբայեցիների գրքում: Այստեղ ներկայացվում է հրեա ժողովրդի պայքարը Սելևկյան իշխանների դեմ Ալեքսանդր Մեծի տիրապետութունից հետո: Ազատության համար մարտնչող հրեաները կոչվում են մակաբայեցիներ իրենց ղեկավար Հուդա Մակաբեի անունով, ով որդին էր ժողովրդին պայքարի հանած Մատաթիա քահանայի:

Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հենց այս մակաբայեցիների օրինակով էր քաջալերում իր զինվորներին: Իրենց պայքարի ընթացքում հրեաները շատ նահատակներ ունեցան. եղան մարդիկ, ովքեր հրաժարվեցին իրենց հայրերի սկզբնական ճշմարիտ հավատքն ու օրենքներն ուրանալուց: Դրանցից մեկն էր Եղիազար ծերունին, ում մի քանի հրեաներ խոստացան խորամանկությամբ ազատել, սակայն նա պատասխանեց. «Ոչ արժան է, ոչ էլ պատշաճ, որ այս տարիքի հասած մարդը կեղծավորություն անելով մտնի սուրբ դատաստան» (Բ Մակաբ. 6.24):

Աստվածաշնչում շատ հուզիչ կերպով է նկարագրված հրեա կնոջ և նրա յոթ որդիների նահատակությունը (Բ Մակաբ. 7): Երբ նրանցից պահանջում են հրաժարվել իրենց հայրերի հավատքից, մայրը հորդորում է որդիներին անսասան  մնալ: Մայրն ու իր որդիները նախընտրում են մեռնել, քան թե դավաճան դառնալ:

Մեծ տարբերություն կա այս նվիրյալների և այսօրվա որոշ հայերի միջև: Այսօր ոմանք հեշտությամբ կարողանում են հրաժարվել մեր հայրերի հավատքից, դարերով եկած ու մեզ հասած ավանդական արժեքներից ու սրբություններից և հետևում են բոլորովին վերջերս սկիզբ առած և հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած աղանդավորական տարբեր ուղղությունների և ուսմունքների:

Քրիստոնեության վաղ շրջանում ևս շատ քրիստոնյաներ քիչ առաջ հիշվածների նման նահատակվեցին հանուն հավատքի` երկնային հարստության արժանանալով։ Մինչդեռ այսօրվա աղանդավորները, իրենց համար նոր, ինքնակոչ եկեղեցի կազմելով, ճշմարտությունից հեռու լինելու պատճառով երբեք չեն կարող հոգևոր հարստություն ձեռք բերել։ Գուցե շատեր սկզբում նյութապես օգտվեն` ձրի գրքեր կամ այլ տեսակի օգնություն ստանալով, սակայն խղճալի են միայն ունեցվածքով հարուստ մարդիկ, որովհետև ամեն ինչից առավել է հոգևոր հարստությունը, որ ձեռք է բերվում առաջին հերթին ճշմարտությանը հետևելու շնորհիվ։

Սուրբ Հովհան Ոսկեբերանը, խոսելով աղքատ Ղազարոսի վերաբերյալ ավետարանական առակի մասին (Ղուկ. 17.19-31), ասում է. «Հարուստը միայն ունեցվածքով էր հարուստ, իսկ Ղազարոսը միայն ունեցվածքով էր աղքատ։ Բոլորը գիտեն Ղազարոսի անունը, սակայն ու՞ր է հարուստի անունը. այն ոչ մի տեղ չկա»։ «Այդքան հարստություն և ոչ մի անու՞ն, դա ի՞նչ հարստություն է»,- իրավամբ հարցնում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը։