«ԱԶԳ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի՞նչ է ազգը, ինչպե՞ս սահմանել «ազգ» հասկացությունը:

«Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում ազգային պատկանելության իրավունքը, այլ տվյալ բանաձևման համապատասխան` այդ պատկանելության թերի լինելն է մատնանշում:

Մակերեսային ընկալումով` ազգային պատկանելությունը կապվում է սոսկ էթնիկական ծագման հետ, սակայն այդ պատկանելությունն ամբողջական է դառնում միայն վերը թվարկված հատկությունների առկայությամբ:

Մեկ այլ դիրքորոշմամբ` ազգը ոչ թե էթնիկական նույն ծագումն ունեցող ժողովուրդն է, այլ այն մարդկանց համախմբումը, ովքեր միևնույն հայրենիքն ունեն, նույն մշակութային արժեքների կրողներն են հանդիսանում և իրենց համարում են որպես այդպիսին: Այս դիրքորոշման մեջ առանձնակի չի կարևորվում էթնիկական ծագման, լեզվի գործոնը, և առաջնային է համարվում պատկանելության զգացման, գիտակցության կարևորությունը:

Հիշատակյալ երկու դիրքորոշումների դրսևորումները կարող ենք տեսնել տարբեր ժողովուրդների օրինակով: Հայ ժողովուրդը ծագում է էթնիկական նույն արմատից, դարեր շարունակ ունեցել է իր պատմական հայրենիքը, լեզուն, ուրույն մշակույթը:

Այսօր հատկապես Հայոց ցեղասպանության պատճառով հայ ազգը կորցրել է իր հայրենի երկրի մեծ մասը, սփռվել աշխարհով մեկ: Տարբեր երկրներում բնակություն հաստատած հայերի սերունդները դժվարանում են խոսել կամ այլևս չեն խոսում հայերեն, առավել կրողն են նաև այլ ազգերի մշակույթի, կենսակերպի: Այս իրավիճակում Սփյուռքում Հայ Առաքելական Եկեղեցին իրականացնում է նաև հայապահպանության առաքելություն` ջանքեր ներդնելով հայ հոգևոր-մշակութային, ազգային արժեքներին հաղորդ դարձնելու հայորդիներին, ազգային ինքնության գիտակցությունն ամրապնդելու:

Ցեղասպանության ընթացքում և դրան հաջորդած տարիներին բազմաթիվ հայեր բռնի կրոնափոխ եղան, որոնցից շատերը, սակայն, պահպանեցին ազգային ինքնության հիշողությունը և այն փոխանցեցին նաև իրենց արդեն այլակրոն սերունդներին: Կրոնափոխ հայերի մի մասն էլ բոլորովին կորցրեց ազգային պատկանելության գիտակցումը: Այդպիսի իրավիճակում հայտնված հայերից շատերը, սակայն, այսօր վերագտնում են իրենց անցյալի ուղիները և բարձրաձայնում ազգային պատկանելության մասին:

Այսպիսով, հայ ժողովրդի օրինակը ցույց է տալիս, որ «ազգ» հասկացության ամբողջական դրսևորումից զատ նաև եղել են այդ հասկացության մեջ կարևոր համարվող լեզվի, հայրենիքի, կրոնական պատկանելության հատկությունների բացակայությունները, ինչը, այնուամենայնիվ, ամբողջովին չի զրկում «ազգ» հասկացության շրջագծում լինելու իրողությունից:

«Ազգ» հասկացության սահմանման վերոնշյալ երկրորդ դիրքորոշման օրինակ են Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը, ինչպես նաև հայ ժողովրդի պատմական անցյալում հայության մեջ ընդգրկված և հայացած նշանավոր գործիչները: Միացյալ Նահանգների ժողովուրդը կազմված է էթնիկական տարբեր պատկանելության անձերից` անգլիացիներ, ֆրանսիացիներ, աֆրոամերիկացիներ, իսպանացիներ, չինացիներ, բնիկ հնդկացիներ, հայեր և այլն:

Ամերիկայի քաղաքացիներ հանդիսացող և Միացյալ Նահանգներն իրենց հայրենիքը համարող, այդ երկրի մշակութային արժեքները, կենսակերպը կրող անձերի հավաքականությունը համարվում է Ամերիկայի ժողովուրդը, որի համար պաշտոնապես գործածվում է «ամերիկյան ժողովուրդ» կամ «ամերիկյան ազգ» հասկացությունը:

Այսպես նաև հայոց պատմության մեջ արձանագրված թագավորական տոհմեր ու նախարարական տներ ներկայացնում են տարբեր էթնիկական ծագմամբ Հայաստան եկած և հայացած, այսինքն` Հայաստանն իբրև հայրենիք ընդունած, հայոց հոգևոր-ազգային արժեքները որդեգրած, ազգային պատկանելությամբ կողմնորոշված անձերին:

Հայ ժողովուրդն էթնիկական ծագումնաբանությամբ սերում է Հայկ Նահապետից և նրա սերունդներից: Սակայն հայոց Արշակունյաց թագավորական տոհմը պարսկական ծագում ունի, Մամիկոնյան նախարարական տոհմը, որից սերել է և մեր ազգային-եկեղեցական մեծագույն սրբերից Վարդան Մամիկոնյանը, չինական ծագում ունի, Արծրունիները` ասորական և այլն:

Ընդհանուր իմաստով մարդկության էթնիկականությունն աստվածաշնչյան, կրոնական ընկալումով, բոլոր ժողովուրդների սկզբնավորմանն անդրադարձով գնում է դեպի ընդհանրություն` ջրհեղեղից հետո Նոյի որդիներից առաջացած լինելով (Ծննդ. 7.23, 9.1, 10.32), իսկ ծագումնաբանական իմաստով նրանցից ավելի վեր գնալով` հասնում ենք մարդկության նախածնողներին` Ադամին ու Եվային, ովքեր ստեղծվել են Աստծո կողմից (Ծննդ. 1.26-27, 2.7, 18, 21-23):

Կարդալ նաև`