ԱԶԳԻ ԵՎ ԱՆՀԱՏԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազգի կամ ժողովրդի մասին խոսելիս կարելի է նմանություն տեսնել անհատի հատկությունների հետ, քանի որ մարդը ևս այլ մարդկանցից տարբերվում է իր կերտվածքով, ուսումով, դաստիարակությամբ, հավատալիքով և այլն: Ազգության վերաբերյալ կա՞ն նման բնորոշումներ կամ սահմանումներ, որոնք առավել հստակեցնում են մի ժողովրդին մյուս ժողովուրդներից տարբերող հատկանիշները:

Ազգության բնորոշման վերաբերյալ բավականին հետաքրքրական հոդված է հրապարակել Լևոն Շանթը` «Ի՞նչ է ազգությունը» վերնագրով, 1923 թ. Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում (Լ. տարի, թիւ 3, յունուար): Նրա դատողություններն ու մտքերը հատվածաբար ներկայացնում ենք ստորև:

Լեզու, կրոն, հայրենիք, պետություն, ամեն մեկը սոսկ առանձին վերցրած, անկարող է մի ժողովրդին մյուս ժողովուրդներից զատել ամեն պայմանների մեջ, ամեն դեպքի համար, թեև դրանցից ամեն մեկը առաջնակարգ կարևորություն ունեցող հատկություն է` մի ժողովրդին այլ ժողովուրդներից տարբերող: Ապրող թե անկենդան մարմինը, ինչպես և ամեն ընկերական հաստատություն ու երևույթ սահմանելու համար պետք է վերցնենք իր բոլոր էական հատկությունների գումարը միասին:

Որոշ ցեղային ծագում ու խառնուրդ ներկայացնող, որոշ աշխարհագրական միջավայրի մեջ ապրող, որոշ պատմական անցյալի ու ներկայի տեր, որոշ ֆիզիկական ու հոգեկան կազմով, որոշ աշխատանքներ, աշխատելու եղանակ, վարք ու բարք ու սովորություններ ունեցող, որոշ կրոնական ըմբռնումներով ու պաշտամունքով, որոշ պետական ձևով ու կազմով, որոշ լեզվով և որոշ հոգեկան ստեղծագործությունների ժառանգորդը եղող մի ժողովուրդ բոլորվին տարբեր և ուրույն էություն է իր նման ուրիշ էությունների հանդեպ:

Ճիշտ այնպես, ինչպես որ մարդկային մի էակ ուրույն մարդկային միություն է` տարբեր մյուս մարդկային արարածներից իր ծննդով, իր արդեն ապրած կյանքով, իր մեծացած միջավայրով, ստացած կրթությամբ, իր ֆիզիկական ու հոգեկան խառնվածքով, իր խոսվածքով, իր գործունեությամբ ու ստեղծագործություններով:

Այս բոլորը, երբ միասին ենք վերցնում, մարդը դադարում է պարզ միավոր լինելուց միլիոնավորների թվի մեջ և դառնում է մի անհատ, մե՛կ հատիկ, բացառիկ իր նմանների ծովի մեջ: Այդ բոլոր հատկությունների և իրողությունների գումարն է, որ կազմում է որևէ մարդու անհատականությունը: Այդպես էլ որևէ ժողովրդի առանձնահատուկ բոլոր բնական և մշակութային տվյալների գումարն է, որ կազմում է ժողովրդի անհատականությունը:

Ժողովուրդների համար «անհատական» բառի փոխարեն սովորաբար գործածում ենք «ազգային» բառը և ժողովուրդների անհատականությունն անվանում ենք ազգություն: Որով և ստանում ենք հետևյալ պատասխանը:

Մի ժողովրդին այլ ժողովուրդներից զատողն ու առանձնացնողը իր ազգությունն է, և ժողովրդի մասերն ու անհատները իրար կապողը` իր ազգային գծերը: Ժողովրդի անհատականությունը կազմող բոլոր երևույթները` լինեն հիմնական-բնական, թե՛ ստեղծագործական-մշակութային, բոլո՛րն էլ շատ սերտ կերպով կապված ու հյուսված են իրար, իրարից են ծնվում, իրար պայմանավորում, ներգործում են իրար վրա, ուժեղանում են իրարով և իրար ավելի են շեշտում:

Քաղաքակրթության դեպի վեր դիմող ընթացքի հետ հետզհետե շատանում ու շեշտվում են ժողովուրդների տարբերությունները, թեքումները, ճյուղավորումները, ամեն մեկի մասնավոր հակումներն ու մասնավոր զարգացումը. իր ձևի լեզու, այլ ձևի արվեստ, նոր ձևի ըմբռնում, իր տեսակի կրոն, այլ տեսակի պետական կազմ, նոր տեսակի ժողովուրդ:

Եվ կամաց-կամաց այն աստիճան են խտանում ու խստանում այդ ազգային գծերը, որ նույնիսկ նույն աշխարհագրական պայմաններն ու նույն զբաղմունքն ու տնտեսական կյանքն ունեցող ժողովուրդներն անգամ խորապես տարբերվում են իրարից, ինչպես հույներն ու փյունիկեցիները:

Համայնական «ես»ի զգացումը մի՛շտ կա ժողովուրդների մեջ: Բայց այս բոլոր ստեղծագործական աշխատանքի ու արդյունքի ազդեցության տակ այն հասունանում է ու վերածվում ազգային գիտակցության:

Ուրիշ խոսքով` մարդկության ու քաղաքակրթության զարգացման հետ ազգությունն ու ազգայինը ո՛չ թե թուլանում է, հյուծվում է ու մեռնում, ինչպես մեզ հավատացնել են ուզում, այլ ընդհակառակը` քաղաքակրթվելն ու միշտ բարձրին ձգտելը ամենից հիմնական պայմանն է ազգությունների զարգացման, ազգային գծերի ուժեղացման, ազգային գանձերի դիզման ու իր անկախության գնահատման:

Չմոռանա՛նք. ինչպես որ որևէ հասարակության մեջ անհատների բոլոր մեծությունը, արժեքը, իրենց գեղեցկությունը, տաղանդը, առաքինությունը, իրենց բոլոր բույրն ու հրապույրը ո՛չ թե ուրիշների հետ ունեցած նմանության մեջ է, այլ ընդհակառակը` նրանցից ունեցած տարբերության մեջ, իրենց ինքնության, իրենց անհատականության մեջ: Այդպես էլ ժողովուրդները միայն այն չափով արժեք ունեն մարդկության համար, հրապույր ու գեղեցկություն մարդկության առջև, ինչ չափով որ շեշտված ու գրավիչ են իրենց ազգային գծերն ու ընդունակությունները, ինչ չափով որ մեծ է ժողովրդի ազգային կամքը, տաղանդն ու ստեղծագործական ուժը:

Առողջ ու բնական պայմանների մեջ ամեն ժողովուրդ ունի և պետք է որ ունենա իր լրիվ անհատականությունը, այսինքն` ազգությունը կազմող թե՛ հիմնական և թե՛ մշակութային բոլոր երևույթները: Սակայն քիչ չեն այն ժողովուրդները, որոնք պատմական բազմադիմի պատճառներով զրկված են իրենց անհատականությունը կազմող մեկ կամ նույնիսկ մի քանի կողմերից, բայց և այնպես չեն կորցրել բոլորովին իրենց անհատականությունը և ապրում են թերի անհատականությամբ:

Գաղութների անհատականության կորստի կամ պահպանման տեսակետից վճռական են երկու կետ` արյան խառնուրդը և քաղաքակրթության ազդեցությունը: Եթե նոր հայրենիքի մեջ որևէ ժողովուրդ ապրում է առանց տեղական տարրերի հետ ամուսնական կապի մեջ մտնելու և կարողանում է պահել իր մշակութային հաստատությունները, այսինքն` իր պետական մեքենան, կրոնը, լեզուն, կենցաղը, դառնում է գաղութ եվրոպական իմաստով, և իր անհատականությունը մնում է գրեթե անփոփոխ, համենայն դեպս ոչ շատ տարբեր, քան մի երկրի զանազան գավառները:

Այսպիսով, «ժողովուրդ» բառը երկու իմաստ ունի: Առաջինը` ավելի լայն ու անորոշ, նշանակում է անխտիր ամեն տեսակի մարդկային անհատների համախմբում և համազոր է «ամբոխ», «բազմություն», «բնակչություն» բառերին: Երկորդ իմաստը` ավելի նեղ ու որոշ, արտահայտում է ամբողջությունը միևնույն ազգության պատկանող բոլոր անհատների և համազոր է «ազգ» բառին:

Ազգը իր անհատականությունն ունեցող ժողովուրդն է, այսինքն` ազգային գծերով ու ազգային քաղաքակրթությամբ իրար կապված անհատների ամբողջությունը: «Ազգ» բառն ինքը, որ «տեսակ» իմաստն ունի, իր հին իմաստով ընտանիք է նշանակում, ինչպես և մնացել է մինչև հիմա «ազգական» ու «ազգանուն» բառերի մեջ: «Ազգդ ի՞նչ է» նշանակում է ընտանիքիդ անունն ի՞նչ է, ինչյա՞ն ես: Եվ դա այն շատ պարզ պատճառով, որ ազգը մեծացած, ճյուղավորված, ժողովուրդ դարձած ընտանիքն է կամ այդպես է ըմբռնված: