ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

Ազգ հասկացությունը կամ ազգային պատկանելությունը ենթադրո՞ւմ են ժողովրդի ստեղծած մշակույթի, նրա ժառանգության միայն մի մասի կրում կամ ժողովրդի պատմության ոչ ամբողջական ընդունում: Ժողովրդի արժեքների, պատմության հանդեպ ընտրողական վերաբերմունքը կամ դրանց անտեսումը խափանո՞ւմ է ազգային պատկանելությունը:

Որևէ ազգին պատկանելությունը ենթադրում է այդ ազգի ստեղծած կամ կերտած արժեքների ամբողջական ընդունում, այդ արժեքների ժառանգորդը լինելու գիտակցության առկայություն: Քրիստոնյա ժողովրդի կողմից ճիշտ մոտեցում չի լինի բացարձակապես մերժումը հեթանոսական շրջանի ստեղծագործությունների, իսկ եթե առկա է մերժում, ապա դա ոչ թե մշակույթին, այլ քրիստոնեության կողմից անընդունելի և սխալ գաղափարներին ու ավանդույթներին է վերաբերում, որոնցից է, օրինակ, կռապաշտությունը:

Մովսես Խորենացին բանահյուսության գեղեցիկ նմուշներ է համարում հեթանոս հայերի ստեղծագործությունները, հիանում հեթանոսական թագավորների քաջությամբ: Քրիստոնյա հայը երբեք չի մերժում իր նախահայր Հայկին և հպարտ է իր նահապետով ու նրա զավակներով, որոնցից սերել է հայ ազգը:

Անցյալի արժևորման հորդորելով` եկեղեցական ընդհանրական Հայրերից Սուրբ Բարսեղ Կեսարացին մեծապես օգտակար է համարում հեթանոսական մտածողների, փիլիսոփաների, նշանավոր գործիչների աշխատություններին, կենսագրություններին ծանոթանալը: Նմանապես և նոր ժամանակաշրջանում առաջադիմական կրոնի արժեքները, դրանց հովանու ներքո ստեղծված գրական-մշակութային ստեղծագործությունները պետք է նույնպես ընդունվեն ազգի ներկայացուցչի կողմից:

Էթնոհոգեբանության մեջ համապատասխան հիմնավորումներով արտահայտվել են հետևյալ հասկացությունները` կատարյալ էթնոկիր, լրիվ էթնոկիր, մասնակի էթնոկիր, ձևական էթնոկիր, զրոյական էթնոկիր: Այս ձևակերպումներն արդեն բացահայտում են ազգային պատկանելության լրիվ, մասնակի կամ ձևական իրողությունը, որը փաստացիորեն հանդիպում է կյանքում: