ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Հատվածներ Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանի «Ազգային Եկեղեցի» խորագրով մտորումներից:

Դուք գիտեք, որ օտարները մեր Եկեղեցին Լուսավորչական կամ Գրիգորյան են անվանում՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, իսկ մենք չենք ընդունում այդ պատվանունը. որովհետև դրա գործածողները կամենում են ասել, թե քրիստոնեության հենց առաջին քարոզությունը մեր մեջ եղել է Սուրբ Լուսավորչի միջոցով, այսինքն՝ ամբողջ երեք դար Քրիստոսից հետո, երբ արդեն վաղուց տարածված էր այն ուրիշ ազգերի մեջ, հաստատված ու կազմակերպված, և ուրեմն այդպես կազմակերպված ձևով էլ, ոչ անմիջական աղբյուրից, այլ իբրև փոխառություն՝ մուտք է գործել հայերի մեջ:

Մինչդեռ մենք գիտենք, որ Սուրբ Լուսավորչից շատ առաջ քրիստոնեություն կար հայոց երկրում, և եթե ուրիշ եկեղեցիներ իրենց ծագումը մինչև առաքյալների օրերը հասցնել ու այդ մտքով «առաքելական» կոչվել կարող են, ամենայն իրավամբ նույնն անել և դեռ ուրիշներից ավելի իր նախնականությամբ պարծենալ կարող է Հայոց Եկեղեցին:

Այնուամենայնիվ, ուրիշ տեսակետից շատ իրավացի ու պատվավոր է մեր Եկեղեցու համար «լուսավորչական» կոչվածը, եթե դրանով արտահայտվում է այն պատմական ճշմարտությունը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու նրա արժանավոր հաջորդները՝ իր ազնիվ տոհմից, Հայոց Եկեղեցու ինքնուրույն կազմակերպության հիմնադիրն են՝ ազգային հողի վրա: Սուրբ Գրիգոր Լուսավորչից առաջ Հայաստանում եղել են, անշուշտ, բազմաթիվ քրիստոնյաներ, գուցե շատ ավելի բազմաթիվ, քան մենք կարծում ենք, բայց դեռ քրիստոնյա չէր հայ ժողովուրդն իբրև ազգություն:

Եղել են հավանաբար ամբողջական քրիստոնյա հայ համայնքներ՝ իրենց եպիսկոպոսներով, բայց չի կարելի ասել, թե կար Հայոց Եկեղեցի՝ իր այն առանձնահատուկ կազմով ու բնավորությամբ, որ մենք պատկերացնում ենք այդ անունը տալիս: Մենք շատ աղոտ գաղափար ունենք առհասարակ այն քրիստոնեության մասին, որ եղած պետք է լինի Հայաստանում նախքան Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Անշուշտ, նա նոր հիմք չդրեց, այլ առաքելական քարոզությամբ այս երկրում հաստատված հիմքի վրա կառուցեց Հայոց Եկեղեցու մեծ շենքը, բայց նրան պատկանում է վարպետ շինողի պատիվը, և մեր նախնիք ճանաչել ու գնահատել են այն ըստ արժանվույն: Ամեն անգամ, երբ հարկավոր է եղել պաշտպանել մեր Եկեղեցու մի նախավանդ կարգը օտար ոտնձգությունների դեմ՝ նրանք պարծանքով հենվել են Սուրբ Լուսավորչի անխախտ հեղինակության վրա և պաշտպանել այն համոզմունքը, թե նրա առաքելաշավիղ գործունեությամբ Հայոց Եկեղեցին մեկընդմիշտ այնպիսի կազմակերպություն է ընդունել, այնպիսի ոգի և այնպիսի ուղղություն, որ այլևս արտաքին միջամտությամբ պատահական փոփոխությունների ենթարկվել չի կարող, այլ պիտի մնա իր ամբողջ դրությամբ նվիրական հայ մարդու համար:

Հայոց Եկեղեցին ազգային Եկեղեցի է: Այդ նշանակում է ամենից առաջ, որ Հայաստանում մի որոշ ազգություն եղավ այն շաղախը քրիստոնեական խմորի համար, ինչ ոչ հունահռոմեական աշխարհում եղել է բազմազան ազգություններից բաղկացած Հռոմեական պետությունը: Եվ ինչպես որ այնտեղ պետության գաղափարը, պետության կարգերը, պետության մեջ իշխող լեզուն ու աշխարհայեցողությունը իրենց դրոշմը դրին նրա կազմակերպության վրա և առաջ բերին պետական եկեղեցի, այնպես էլ մեզանում ազգային գաղափարը, ազգային սովորությունները, ազգային լեզուն ու ազգային կյանքի հոգևոր արտադրություններն իրենց նշանակությունն ունեցան և առաջ բերին ազգային Եկեղեցին: