ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

Հատվածներ Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանի «Ազգային Եկեղեցի» խորագրով մտորումներից:

Ազգային ինքնուրույնությունը պահպանելն ամենից զորեղ արգելքն է եղել կղերական ոգու [այսինքն՝ հոգևոր աստիճանը, Եկեղեցին անազնիվ շահերի, քաղաքականության ու գերիշխանության համար օգտագործումը] զորանալուն Հայ Եկեղեցու մեջ: Ինչպե՞ս պետք է զորանար, երբ նրա զարգացման բոլոր պայմանները պակասում էին այստեղ:

Վերցրեք նույն իսկ Կաթոլիկ Եկեղեցին, որ բուն ծնողն է կղերականության: Նրա հովանավորության տակ գտնված ազգերից որո՞նք են ավելի զգացել կղերական լուծի ծանրությունը, եթե ոչ այնպիսիները, որ հոգով, լեզվով, բարքով ու սովորություններով ավելի ու ավելի հեռու են կաթոլիկ աշխարհի կենտրոնից՝ Հռոմից: Գերմանական ազգերն ու նորմաններն ավելի դժվարությամբ են տարել այդ լուծը, քան ռոմանական ազգերը, և ռոմանականներն ավելի դժվարությամբ, քան բուն իտալացիք: Բնական է: Իտալիայում եկեղեցական լեզուն էլ, պաշտամունքն էլ, պաշտոնեությունն էլ ընդաբույս են. թեպետ ո՛չ իսկ այստեղ առանց հնությունից մնացած նախնի պետական եկեղեցուց ժառանգություն ստացած խորթությունների:

Համենայն դեպս շատ սակավ կպատահի, որ մի գերմանացի կամ անգլիացի Իտալիայում եկեղեցական պաշտոն ունենա, և եթե պատահի էլ, պետք է անշուշտ իտալացու հին լեզվով՝ լատիներենով պաշտամունք մատուցի և իտալացու կրոնական երևակայության պատկերացրած Մադոննայի առաջ խունկ ծխի: Մինչդեռ իտալացի եկեղեցականը շատ հաճախ պաշտոն է վարում Գերմանիայում ու Անգլիայում ու աշխարհի ամեն կողմերում, կամ թե չէ Հռոմում նստած բոլոր երկրների համար կարգադրություններ անում՝ ստիպում, որ ամեն տեղ անպայման կերպով իր լատիներենը գործադրեն, իր Մադոննային երկրպագություն անեն, իր քավարանից անցնեն՝ մեղքերի թողություն գտնելու համար:

Ուստի ամեն տեղ նա հանդես է գալիս իբրև մի օտար, իբրև մի նվաճող ու բռնացող տարր, որ տեղացիների հոգևոր կյանքի մեջ ո՛չ մի զորեղ կռվան չունի և ստիպված է արտաքին հեղինակության վրա հաստատել իր իրավունքները, այդ հեղինակությունը պահպանելու համար աշխատանք թափել ու իր հետ բերած սրբությունների անունով շահագործել տեղական ժողովրդի հավատը. և այդպես, առանձնացյալ դրություն է ստեղծվում նրա համար՝ հետևորդ դասակարգային խտրություններով ու շահերով:

Ազգային Եկեղեցու սահմաններում այս բոլորի համար ո՛չ մի հիմք չկա: Հոգևորականն այստեղ իր ժողովրդի զավակն է, նրա միջից ընտրված, նրա գրկում սնված և նրա հավատալիքներով ու հայացքներով դաստիարակված: Այն տաճարը, որին նա պիտի սպասավորի, մի օտար հաստատություն չէ՝ օտար իր կազմությամբ ու շահերով, այլ հենց պահպանողն է ու հովանավորողը այն ամենի, ինչ որ ընտանի է իր ժողովրդի հոգուն և պաշտելի, ինչ որ այդ ժողովրդի պատմական կյանքի գաղափարական արտահայտությունն է, հոգևոր գործունեության արդյունքը, նահատակության պտուղը:

Եվ երբ նա պաշտոնյա է լինում հոգևորը եկեղեցու սեղանից վերցնելու և ժողովրդին բաշխելու համար, ինքն էլ ժողովրդի սեղանից է ստանում իր մարմնավոր սնունդը, և ուրեմն ոչ միայն չի կտրվում, չի բաժանվում նրանից և առանձին ձգտումներ ու առանձին շահեր ունեցող մի դասակարգի մեջ մտնում, այլ, ընդհակառակը, ավելի է մոտենում նրան, ամեն հայ քրիստոնյայի ընտանին, բարեկամն ու խորհրդականը դառնում: Այդպես են եղել գոնե մեր բոլոր արժանավոր հոգևորականները անցյալում և այդպես լինելու կոչված է մեր ամբողջ հոգևորականությունը:

(շարունակելի)

Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ: