ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՐՀ ԱՌԱՆՑ ՏԱՌԱՊԱՆՔԻ

Որտե՞ղ են վերջանում Աստծո կողմից մարդուն տրված ազատ ընտրության իրավունքն ու սահմանները:

Նախ պետք է հստակեցնենք, թե ինչ է ազատությունը, որովհետև այդ ընկալման վրա է հիմնվում ազատ ընտրությունը: «Ազատություն» հասկացության աշխարհիկ և կրոնական ընկալումները գտնվում են բոլորովին հակադիր բևեռներում: Բոլոր հեղափոխությունները, որոնք գալիս էին բռնությամբ հին հասարակարգերը կամ իշխանությունները տապալելու, իրագործվում էին ուժով, «պայքարի՛ր քո իրավունքի համար» սկզբունքով:

Քրիստոսի մասին ասվում է. «Հնազանդ եղավ մինչև մահ և այն էլ մահվան` խաչի վրա» (Փիլիպ. 2.8), «Թեպետև Որդի էր, բայց Իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց. և կատարյալ դառնալով` բոլոր Իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ» (Եբր. 5.8): Քրիստոս մարդկության մեջ ամենամեծ հեղափոխությունն իրագործեց հնազանդությամբ:

Կրոնական ըմբռնումով հնազանդությամբ է կայանում ազատությունը: Աստծո պատվիրանին հնազանդությունը մեզ ազատում է չարից և մեղքի գերությունից: Պողոս առաքյալն ասում է. «Մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք այնպիսի վարդապետության, որ ձեզ ավանդվեց: Արդ, մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության» (Հռ. 6.17-18), «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք միմեանց» (Գաղ. 5.13): Նաև Պետրոս առաքյալն է կոչ անում. «Ապրեցե՛ք որպես ազատներ և ազատությունը իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրեցե՛ք որպես Աստծու ծառաներ» (Ա Պետ. 2.16): Երկրի օրենքներին հնազանդությունն ազատում է բանտարկությունից, որ կարող էր լինել այդ օրենքներին չհնազանդվելու, դրանք խախտելու դեպքում:

Աշխարհիկ ընկալմամբ այսօր ոմանք ազատությունը հասկանում են որպես ամեն ինչ անելու թուլտվություն ու կարելիություն, մի խոսքով` սանձարձակություն: Մեր ժամանակներում կարող ենք տեսնել, որ այսպես կոչված խոսքի ազատությունն իրականում խոսքի սանձնարձակությունն է` ում ուզում ես, կարող ես փնովել ու հայհոյել անգամ մամուլով, հեռուստատեսությամբ կամ համացանցով: Արարքի ազատությունը նշանակում է արարքի սանձարձակությունը` ինչ ուզում ես, կարող ես անել, անգամ` անբարոյականություն:

Այս ընկալմամբ վերացվում են բարոյաէթիկական աստվածադիր նորմերն ու սահմանները: Պողոս առաքյալն ասում է. «Ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է. ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ամեն ինչ չէ, որ հավատը հաստատում է» (Ա Կորնթ. 10.23): Այսինքն` առաքյալը նշում է ազատ կամքի առկայությունը, բայց դնում է սահմանը, որը վնաս կրելու հավանականությունն է:

Եկեղեցական հեղինակներից մեկն ասում է. «Իմ ձեռքի շարժման ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի դեմքը»: Շարժման ազատություն ունենալով` սխալ է ուրիշի դեմքին հարվածելը, ցավ պատճառելը: Սա նշանակում է, որ ապահովության ու անվտանգության համար սահմանված օրենքներին, պատվիրաններին հնազանդությունն է, որ արժևորում է իրական ազատությունը:

Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ Աստված երկրի երեսից վերացնի անարդարությունն ու տառապանքը և հաստատի նոր աշխարհը:

Աստվածաշնչում մանրամասն նկարագրություններ չկան այն մասին, թե ինչպիսին է լինելու Երկնքի արքայությունը, կամ հավիտենական կյանքն Աստծո արքայության մեջ: Որոշ տեղեկություններ կան հատկապես Եսայու մարգարեության մեջ, Հովհաննու Հայտնության գրքում, որտեղ նշվում է հրեշտակների անդադար փառաբանությունը` ուղղված Աստծուն (Եսայի 6.13, Հայտն. 5.11-12), երկնային Երուսաղեմի որոշ նկարագրություններ, որոնք առավելաբար այլաբանական նշանակություն ունեն:

Աստվածաշունչը մեծավ մասամբ տալիս է պատվիրաններ, սկզբունքներ այս կյանքի համար, ցուցումներ բերում, թե ինչպես պիտի ապրենք այս կյանքը, որպեսզի արժանի դառնանք հավիտենական կյանքին:

Պողոս առաքյալն ասում է, որ ինքը հափշտակվել է մինչև երրորդ երկինք, մինչև դրախտ և լսել անպատում խոսքեր, որ մարդուն արտոնված չէ խոսել (Բ Կորնթ. 12.24): Կարող ենք եզրակացնել, որ առաքյալը տեսել է այնպիսի իրողություններ, որոնք դժվար է մարդկային բառապաշարով նկարագրել:

Չնայած Աստվածաշունչը հստակ պատկերացում չի տալիս Երկնքի արքայության և այնտեղ հավիտենական կյանքի ընթացքի մասին, բայց բերում է այն հաստատումը, որ հավերժության մեջ դրախտին արժանի մարդիկ վայելելու են անսահման բերկրանք, խնդություն, երանություն, հանգստություն ու խաղաղություն: