ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ են ագահությունն ու որկրամոլությունը մահացու մեղքեր:

Ինչի՞ց և կամ ումի՞ց է մարդ ավելի դժվարությամբ բաժանվում՝ իր համար թանկ առարկայի՞ց, իր հարազատից կամ բարեկամի՞ց: Այսօր բազմաթիվ մարդիկ մեծ դժվարությամբ ու տխրությամբ բաժանվում են իրենց սիրելի փողից: Ագահությունն այսօր մեծ չափերի է հասնում աշխարհում: Դրա վկայությունն աշխարհում համեմատաբար քիչ թվով հարուստների առկայությունն է մեծ թվով աղքատների դիմաց:

Ագահությունը, նյութականի կուտակման մարմաջը խափանում է ողորմությունը, որով կարիքավորների շատ խնդիրներ կարող են լուծում գտնել: Ողորմության անտեսումից զատ, ագահությունը խաթարում է մարդկանց մեջ ճիշտ հարաբերությունները, դրանք դնում շահադիտական հարթակի վրա:

Մարդն այլ վարմունք է ցուցաբերում նրա հանդեպ, ումից նյութական շահ և ակնկալիք ունի, այլ վարմունք` նրանց հանդեպ, ովքեր որևէ շահ չեն կարող բերել: Այսպես է, որ տարբերվում են վարմունքներն ու վերաբերմունքներն աշխարհի հարուստների և աղքատների, մուրացկանների նկատմամբ:

Ագահությունը նաև վնասում է միջանձնական հարաբերություններում բարի դրսևորումներից մեկին` հյուրասիրությանը, որը պատվիրված է առաքյալների կողմից` «հետամո՛ւտ եղեք հյուրասիրության» (Հռ. 12.13), «հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու» (Ա Պետ. 4.9): Ներկա նյութապաշտական հակումների պարագայում մարդը հյուրասիրությունը կարող է հաշվարկել ֆինանսական նպատակահարմարության, նյութականի տնտեսման կամ չնախատեսված ծախսերի տեսակետից` մարդկանց միջև սիրո ու ջերմության նախանձախնդրության փոխարեն:

Եվ քանի որ ագահությունը վնասում է ողորմությանը, մարդկանց միջև հարաբերություններին, և ագահության ծայրահեղ դրսևորումով կարող են մարդուն և կամ հոգին կործանող ծանր մեղքեր ծնվել, դրա համար էլ այն ներառված է մահացու մեղքերի շարքում:

Որկրամոլությունը մարդուն դարձնում է իր ստամոքսի գերին: Պողոս առաքյալը, խոսելով այնպիսի մարդկանց մասին, ովքեր առավել հետամուտ են նյութական բաների, ասում է, որ այդպիսիների աստվածն իրենց որովայնն է (Փիլիպ. 3.19):

Հիրավի, որկրամոլի համար իր աստվածն իր որովայնն է, որին նա ծառայում է անընդհատ՝ ուտելով կամ ուտելիքի մասին մտածելով, և ուտելիս կարծես թե պաշտամունք է մատուցում իր պաշտելիին, որը ստամոքսն է: Քրիստոս ասում է. «Միայն հացով չի ապրում մարդ, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից» (Մատթ. 4.4, Ղուկ. 4.4): Իսկ որկրամոլությունը կարծես ելնում է Քրիստոսի դեմ, ջնջում Նրա ասածը և հակառակը պնդում. «Միայն հացով է ապրում մարդ»:

Մարդ պետք է ուտելիքից օգտվի իր մարմնի կենսունակությունը պահելու, իր գործունեության մեջ ուժ ունենալու համար: Ուտելը միջոց է և ոչ թե նպատակ, մինչդեռ որկրամոլի համար ուտելը դառնում է գերագույն նպատակ: Այս մեղքի մեջ ընկածները ոչ թե ուտում են ապրելու համար, այլ ապրում են ուտելու համար: